Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Պահանջը սխալ է ձևակերպված. Մարզերում ժողովուրդը պասիվ է ու անտարբեր հանրահավաքների նկատմամբ

Պահանջը սխալ է ձևակերպված. Մարզերում ժողովուրդը պասիվ է ու անտարբեր հանրահավաքների նկատմամբ
15.04.2018 10:15

Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ուժերի նախաձեռնած հանրահավաքներին մարզերում բնակվող ժողովրդի մոտ հետաքրքրության պակաս է նկատվում։ Եթե 2008-2011 թվականների կազմակերպվող հանրահավաքների ժամանակ իշխանությունը ջանք ու եռանդ չէին խնայում մարզային ճանապարհները փակելու համար, որպեսզի ընդդիմադիր զանգվածը Երևան չհասներ, ապա հիմա նման գործընթաց չի նկատվում։ Համենայնդեպս մարզերից արձագանքներ չկան։

Աբովյանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Գրիգոր Ոսկերչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս նկատեց, որ հետաքրքրության պակաս, պասիվություն է նկատվում մարդկանց մոտ։ « Թեև իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, քանի որ ես ինքս չեմ հավատում հիմքերին։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ եք մենք պահանջում։ Նման իրավիճակում ընդամենը պահանջել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, աբսուրդ է։ Սահմանադրությունը ընդունվել է, դրա դեմ լուրջ ընդվզում չի եղել, ընտրությունների արդյունքները ճանաչվել են։ Այսքանից հետո պահանջել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, մի քիչ դժվար է ընկալել այդ պահանջը։ Մի քիչ դժվար է հավատալ ընտրված ուղղու մարտացիությանը և սրտով պայքարել։ Ներքին համոզվածություն չկա իմ մոտ, բայց համարում եմ, որ անկախ ամեն ինչից փոփոխությունը միշտ ճիշտ է»,-ասաց Ոսկերչյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում, այս իրավիճկում, երբ կուլ ենք տվել Սահմանադրական փոփոխությունները, ԱԺ ընտրությունների արդյունքերը, ապա դրանից հետո պահանջներ ներկայացնելը իր համար համոզիչ չեն։ «Ինձ մոտ հենց այդ ներքին համոզմունքը չկա, որ ակտիվորեն մասնակցեմ հանրահավաքներին, թե չէ ի սրտե հաջողություն եմ մաղթում հանրահավաքներին մասնակցողներին։

Գրիգոր Ոսկերչյանի խոսքով ստեղծված իրավիճակում միակ օրինաչափ քայլը, պահանջը կլիներ ԱԺ-ի լուծարումը և արտահերթ ընտրություններ նշանակելը։

«Այլանդակ վիճակ է։ Ազգային ազատագրական պայքար է պետք։ Հուսով եմ, որ գոնե այս անգամ փոփոխություն կլինի»,-ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։

Նրա խոսքով պասիվություն կա, որն իր պատճառներն ունի.«Իշխանությունը տարիներ շարունակ այլասերել է հասարակությանը, այնպես է արել, որ ժողովրդի մեծ մասը 10 հազար դրամ ընտրակաշառքից կախում ունենա։ Այդ 10 հազար դրամը տեսելիս ուրախանա առաջին անգամ փուչիկ տեսած երեխայի պես։ Երբ իշխանությունը վերից վար ամեն ինչ անում է, որ ժողովրդին վախեցնի, ահաբեկի, այլասերի, արդյունքը սա է լինելու։ Համենայն դեպս մեր ժողովուրդը ուշ է արթնանում, բայց արթնանում է։ Որքան էլ դժվար է, բայց ալիքը կհասնի Ազատության հրապարակ։ Ազատության հրապարակը մի կախարդական բան ունի։ Երբ ճիշտ ընթացք է լինում, հրապարակը դառնում է ոգեղեն մի մագնիս, մի կենտրոն, որը ձգում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Հուսանք այս անգամ էլ այդպես կլինի»,-եզրափակեց Հարությունյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի