Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Սերժ Սարգսյանին մերժո՞ւմ են, թե՞ փրկում

Սերժ Սարգսյանին մերժո՞ւմ են, թե՞ փրկում
14.04.2018 21:49

Այս օրերին փողոցում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ գործողություններ ծավալող ընդդիմությունը հայտարարում է, թե Հայաստանը ավտորիտար երկիր է, որտեղ տիրում է հանցագործ խմբավորման բռնատիրական իշխանություն: Արմատական ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ պնդում են, որ Հայաստանը գնում է ադրբեջանացման ճանապարհով:

Սակայն վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, ընդդիմության կոշտ գործողությունները և իշխանության, այսպես ասած, փափուկ արձագանքն առնվազն կասկածի տակ են դնում ընդդիմադիր գործիչների հայտարարությունների օբյեկտիվությունը:

Դիտարկենք փաստերն, որոնք ավելի խոսուն են, քան` վերացական հայտարարությունները: Երեկվանից Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շրջափակել են Երևանի կենտրոնական հրապարակներից մեկը, այնտեղ հիմնել վրանային ավան, ըստ էության` կաթվածահար է արվել մայրաքաղաքի կենտրոնական փողոցների գործունեությունը: Երկու օրերի ընթացքում ցուցարարներն, ըստ էության, բռնությամբ, կարճ ժամանակով գրավել են ԵՊՀ կենտրոնական և Հանրային ռադիոյի շենքերը: Առհասարակ` աննախադեպ է, երբ պատգամավորը Հանրային ռադիոյից բռնությամբ եթեր է պահանջում, երբ ռադիոյի պատասխանատուները հենց տեղում առաջարկում են այլընտրանքային մի քանի տարբերակներ:

Այս ամենը տեղի է ունեցել առանց ոստիկանական միջամտության, երբ առնվազն երեք դեպքում իրապահների կողմից ուժի կիառումը միանգամայն լեգիտիմացված ու մոտիվացված կլիներ հենց օրենքի տեսանկյունից:

Եթե Երևանի վերջին երկու օրերի գործողությունները տեղի ունենային` օրինակ, Բաքվում կամ Աստանայում, անկասկած, ցուցարարների դեմ կգործադրվեր ոստիկանության բիրտ ուժը, ընդհուպ` կհնչեին կրակոցներ: Անգամ ժողովրդավարական Ֆրանսիայում չհանդուրժվեց, երբ օրեր առաջ գործադուլավոր երկաթուղայինները փորձեցին ճանապարհ փակել:

Երևանում դա տեղի չի ունենում` չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության մարդկային և կազմակերպչական ռեսուրսները խիստ սահմանափակ են և առնվազն հնարավոր էր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողությունների արագ լոկալացումը:

Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, միջազգային հանրության մոտ փորձում է ձևավորել իր նոր իշխանության սոլիդ կերպար, մանավանդ` համալսարանի ու ռադիոյի դռներ ջարդող ընդդիմության ֆոնին: Փաստորեն ստացվում է` ընդդիմությունը «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո իրականում քաղաքական լեգիտիմություն է հաղորդում իշխանությանը` միջազգային հանրության աչքերում նրան վերածելով այլընտրանք չունեցող ինստիտուցիոնալ կառույցի:

Օրերս հրապարակվեց Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցը Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին, որտեղ նշվում է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման և Հայաստանում խորացող ավտորիտարիզմի մասին: Վերջին օրերի իրադարձություններն ու իշխանության և ոստիկանության գործողությունները դարձյալ խոսում են հակառակի մասին. Սերժ Սարգսյանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ կառավարման մոդելի փոփոխության գնացել է ոչ թե սեփական իշխանությունը երկարաձգելու, այլ կառավարման որակն ու ինստիտուցիոնալ մտածողությունը փոխելու նպատակով: Չբացառենք, որ նույն Freedom House-ը հաջորդ տարի դրական շեշտադրումներով խոսի Հայաստանի մասին:

«Մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցների թվին հատուկ չէինք ուզում անդրադառնալ, սակայն քանի որ ընդդիմությունը շեշտը դրել է «կրիտիկական զանգվածի» և ռեսուրսային պայքարի տրամաբանության վրա, մի քանի նկատառում հայտնենք:

Փողոցում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացինների թիվը չի գերազանցում 5000-ը(ընդ որում` երեկվա համեմատ ցուցարարների թիվն այսօր պակասել է):

Այս փաստը ամենաշատը շահեկան է հենց Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության համար. ստացվում է, որ երկրի բնակչության միայն չնչին մասը` ընդամենը 5000 մարդ է իրականում պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը: Այս փաստը ևս` իր հերթին, փաստում է, որ Հայաստանն այդքան էլ չի գնում ադրբեջանացման ճանապարհով: Ավելին` միջազգային հանրության աչքերում Սերժ Սարգսյանի վարչապետությունը լեգիտիմացվում է նաև այս հարթության վրա:

Այսպիսով` Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այս օրերին ոչ թե «փախչում» են մի քանի հազար ցուցարարներից, այլ իրենց սահմանազատում են բռնությունից` մարգինալացող ընդդիմության ֆոնին ընդգծելով իրենց ինստիտուցիոնալիզմը: