Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Մեկնարկել է Կորյուն ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է Կորյուն ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը
14.04.2018 21:41

Ապրիլի 14-ին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Ողջունելով մասնակիցներին՝ կրթության և գիտության նախարարն իր խոսքում նշել է, որ նման միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են՝ երիտասարդ սերունդը պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը, պատրաստ` տեր կանգնելու դարերի ընթացքում ձևավորված արժեհամակարգին: «Սա ազգ-բանակ գաղափարախոսության բաղկացուցիչն է: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ մեր հույսը մենք ենք, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, և համատեղ պիտի լինեն գրիչը, բահը և զենքը: Այս գաղափարախոսությամբ է, որ պետք է կառուցենք, ուժեղացնենք մեր երկիրը»,-ասել է Լևոն Մկրտչյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանն իր հերթին հույս է հայտնել, որ մրցույթի ընթացքում ձեռք բերած հմտությունները կօգնեն «Կորյուն» ռազմամարզական խաղերի մասնակիցներին դառնալու մեր երկրի իրական պաշտպաններ: «Այսօր այստեղ հավաքվածներդ, անցնելով դպրոցական, շրջանային և մարզային փուլերի միջով, ի վերջո ձևավորեցիք եզրափակիչ հանրապետական փուլի մասնակիցներին: Կարծում եմ, որ հաղթանակն արդեն իսկ նվաճել եք: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ ճաշակեցիք թիմային և ընկերներով հաղթանակ ունենալու բերկրանքը»,-նշել է Արտակ Դավթյանը

«Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մասնակիցները պայքարելու են «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում: Առաջին անգամ խաղերի ծրագրում ներառված է նաև փեյնթբոլ մրցաձևը:

Խաղերի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: