Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

ՀՀ նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ՀՀ նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
14.04.2018 17:21

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:

Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում:

Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթեց, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար: Պրն. Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորեց Եկեղեցու համախմբող դերակատարությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և տիար Արմեն Սարգսյանը խոսեցին նաև զանազան ծրագրերի մասին։

Հաջողություններ և արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը և համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արորղակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահն այցելեցին Մայր Տաճար: