Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Ոստիկանությունը հորդորել է Փաշինյանին և հավաքի մասնակիցներին ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց

Ոստիկանությունը հորդորել է Փաշինյանին և հավաքի մասնակիցներին ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց
14.04.2018 17:07

ՀՀ ոստիկանությունը կոչ է արել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և հավաքի մասնակիցներին ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:

Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով: Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը: Ն. Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր, որպիսի գործողությունը առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն:

Շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպչին և հավաքի մասնակիցներին անհապաղ ազատել «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը, ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակից քայլերթի մասնակիցներն ապրիլի 14-ին քայլեցին Սայաթ-Նովա փողոցով: Ընթացքում նրանք շարժվեցին Հանրային ռադիոյի շենք և ներխուժեցին եթերային՝ կոտրելով դռներ:

Ոստիկանության հայտարարությունից հետո Փաշինյանն ու կողմնակիցները դուրս են եկել «Հանրային ռադիո»-ի տարածքից:

Լուսանկարը՝ Photolure-ի