Ընտրեք նորության աղբյուրը

Տվյալ կայքը չի կրում որևէ պատասխանատվություն զետեղված նյութերի համար, քանի որ հանդիսանում է տարբեր լրատվական աղբյուրների լուրերի առցանց պահոց, և նախատեսված է անհատական, ոչ կոմերցիոն օգտագործման համար: Կայքում նյութերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հղումները հայտնվում են ավտոմատ կերպով:

Սահմանամերձ Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ

Սահմանամերձ Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ
08.12.2016 18:38

Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշի մարզի Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ՝ գետային ոռոգման ջրընդունիչ եւ 650մ երկարությամբ ջրագիծ։ Ընթացիկ տարում սա Չինարիում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է:

Կողմերի գործակցության արդյունքում, գարնանը գյուղում խմելու ջրի նորակառույց համակարգ էր շահագործվել. կառուցվել էր նոր ջրահավաք, պոմպակայան եւ 300մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ջուրն այժմ հավաքվում եւ մղվում է դեպի հիմնական կարգավորիչ ջրամբար:

Իրականացված երկրորդ ծրագրով, ոռոգման նոր համակարգի գործարկման շնորհիվ՝ խմելու ջրի չօգտագործված քանակն ուղղվում է 33 հա մակերեսով մշակովի հողատարածքի ոռոգմանը: Ոռոգման նոր համակարգն, ի դեպ, միացվել է նախկին համակարգին՝ նպաստելով ավելի շատ հողատարածքների ընդգրկմանը: Առավելություն է նաեւ այն, որ նախկինի համեմատ՝ օգտագործվում է 15-25 լիտր/վայրկյանով ավելի ջրաքանակ։ Ավելին, ոռոգման ջրերի մատակարարումը նախկինում եղել է սահմանված ժամանակացույցով, իսկ նոր համակարգի գործարկմամբ՝ գյուղում գործում է շուրջօրյա ջրամատակարարում։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը եւ բնակիչներ։

Գոյություն ունեցող խնդիրների տեսանկյունից, սահմանապահ գյուղերն ավելի խոցելի են։ Չինարիում հակառակորդի դիրքերից հեռավորությունը տեղ-տեղ հասնում է 600 մ-ի: Գյուղը գտնվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Դրա  մասին են վկայում կյանքի որակի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները։

«Սահմանամերձ գյուղերը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Մենք առաջնորդվում ենք  պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այս մտածելակերպն, ի դեպ, ընդունելի արժեհամակարգ է դարձել մեր աշխատակիցների համար: Գուցե, հենց դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծերում իրենց անձնական ներդրումն են կատարում նաեւ մեր ընտանիքի անդամները: Լինում են նաեւ կամավորականության սկզբունքով իրականացվող աշխատանքներ: Չինարին մեկն է այն գյուղերից, որտեղ կոնկրետ ներդրում է եղել թե՛ կազմակերպության, թե՛ նրա աշխատակիցների կողմից: Սա այն գյուղերից է, որի բնակիչներն իրենց կենսակերպով ոչ միայն հողի մշակ են, այլեւ՝ սահմանապահ: Թիրախային այս խմբի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը պարտադիր են: Եվ այդ հարցում մոտեցումը պետք է լինի միասնական. անկախ նրանից այդ ուշադրությունը դրսեւորվում է պետության կողմից, թե՞ մասնավոր հատվածից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Չինարիում այսօրինակ ծրագրերի իրագործումը նպատակ ունի կանխել արտագաղթի միտքն ու թեթեւացնել բնակիչների հոգսը: Տեղացիների զբաղվածության հիմնական ուղղություններից են բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումը, ծխախոտագործությունն ու այգեգործությունը։